Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Հայ արվեստի հիմնասյուները․ Հայկանուշ Ռուստամի Ասատրյան (Մուրադյան)

Հայ արվեստի հիմնասյուները․ Հայկանուշ Ռուստամի Ասատրյան (Մուրադյան)
19.12.2025 | 11:40

Հայկանուշ Ասատրյանը (Մուրադյանը), 21.12.1914 – 04.02.1997, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի առաջատար պարուհիներից էր:

Մինչ այդ, 1938 – 1940 թվականներին, եղել է Ժողովրդական երգի-պարի անսամբլի պարուհի:

Ծնվել է Երևանում, Ռուստամ Ասատրյանի և Նատալյա Գասպարյանի ընտանիքում: Նրանց երրորդ երեխան է եղել:

Դերասան, թատերական մանկավարժ Էդուարդ Մուրադյանի կինը, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, նշանավոր պարուսույց Զարեհ Մուրադյանի հարսը, բալետի անվանի պարուհի Իվետա Մուրադյանի, կինոգետ, գրող, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանի մայրը, ապագա բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր, թարգմանիչ Գուրգեն Բորյանի դասընկերուհին։

ժամանակին, Օպերայի և բալետի թատրոնում, հանդես է եկել դերապարերով՝ «Ժիզել», «Կարապի լիճը», «Գայանե», «Անուշ», «Ալմաստ», «Կարմեն», «Ռայմոնդա», «Դավիթ Բեկ», «Դաիսի», «Լակմե», «Բախչիսարայի շատրվանը», «Բժիշկ Այբոլիտը», «Աիդա», «Ռիգոլետտո», «Արշակ Երկրորդ», «Կոշկավոր Կատուն», «Եվգենի Օնեգին», «Վալպուրգյան գիշեր», «Սամսոն և Դալիլա», «Պիկովայա Դամա», «Սևան», «Քեթո և Կոտե» բալետներում և օպերաներում:

Նկարահանվել է հայկական «Անահիտ», «Քաջ Նազար» ֆիլմերի պարային տեսարաններում:

* Էդուարդ Մուրադյանն ու Հայկանուշ Ասատրյանը Երևանի իրենց տանը հյուրընկալել են Վահրամ Փափազյանին, բալետի ռուս հայտնի պարող, բալետմայստեր, մանկավարժ Ալեքսեյ Երմոլաևին, Հրաչյա Ներսիսյանին, Արուս Ոսկանյանին, Արշակ Չոպանյանին, Մկրտիչ Ջանանին, Միքայել Մանվելյանին, Սիլվա Կապուտիկյանին, Գարուշ Խաժակյանին, Զարեհ Մուրադյանին, Մարիա Չմշկյանին, Ժաննա Ամիրջանյանին և շատ ուրիշ անվանիների:

* Եղել է ժամանակ, որ մայր ու աղջիկ՝ Հայկանուշ Ասատրյանն ու Իվետա Մուրադյանը, միասին են աշխատել օպերայի և բալետի թատրոնում:

* Որդին՝ Դավիթ Մուրադյանը, դեռ վեց-յոթ տարեկանից է արտակարգ ստեղծագործական ունակություններ դրսևորել, մասնակցել թատրոնի, ռադիոթատրոնի, հեռուստատեսության մի շարք բեմադրությունների, ֆիլմերի հնչյունավորմանը: Նաև՝ առանձնակի հակումներ ու սեր է ունեցել դեպի նկարչությունը:

Այնպես որ, այսօր, երբ առնչվում ենք մեր պատվելի ավագ ընկերոջ նկարչական որոշ աշխատանքների՝ իմանանք, որ դա պատմություն ունի. գեղանկարչության հանդեպ դեռ մանկուց եկող սիրուց ծնված բերքն է դա, արգասիքը: Իսկ արվեստի հանդեպ ձգողականությամբ հմայող սերը, փայփայված նման արվեստաշունչ ու արվեստաստեղծ ընտանիքում, ի բարեբախտություն բոլորիս, հետագայում դարձավ կոչում ու մեծ նվիրում:

Հ.Գ.

Հայկանուշ Ասատրյանի կենսագրական տեղեկություններից մի քանի տվյալ վերցրել եմ թոռան, կինոյի դերասան Արմեն Մուրադյանի ՝ սիրելի տատիկին նվիրված ապագա ֆիլմի սցենարից:

Հայկանուշ Ասատրյանի 111-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի համար Արմենն ընտրել է ամենատրամաբանական ու գրավիչ ձևը՝ մատուցման ձևը. սիրող թոռը պատմում է, - սովոր դիմելաձևով, - տատայի մասին։

Ֆիլմին հաջողություն եմ մաղթում ու համոզմունք հայտնում, որ շատերին կհետաքրքրի, համենայն դեպս, նրանց, ովքեր թանկ են գնահատում իրենց արմատներից եկող ուժն ու հենման ամուր կետ տվող կենսունակությունը: Սերունդների պարտականություններից է, հրամայակա՛ն, մանավանդ՝ այսօ՛ր...

Վա՛ղն էլ: Մի՛շտ...

Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հայաստանի վաստակավոր լրագրող

Երևան, 2025 թվական, դեկտեմբեր

Լուսանկարներում՝

1․ Ամուսնու՝ Էդվարդ Մուրադյանի, և զավակների՝ Իվետա Մուրադյանի և Դավիթ Մուրադյանի հետ։

2․ Դստեր՝ ապագա՝ բալետի պարուհի Իվետա Մուրադյանի հետ։

3․ Որդու՝ ապագա գրող Դավիթ Մուրադյանի հետ։

Լուսանկարը՝ Տիրան Մուրադյան-Քուպելյանի

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ